Կարևոր Նշում Ծրագրի Մասին․
Երեխաների և ընտանիքների գաղտնիությունն ու անձնական տվյալները պաշտպանելու նպատակով որոշ անուններ և նույնականացնող մանրամասներ փոփոխված են։ Բոլոր պատմությունները ներկայացվում են արժանապատվությամբ և հարգանքով՝ պահպանելով երեխաների պաշտպանության սկզբունքները։ Արշավներում օգտագործվող բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվում են երեխաների և/կամ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ։ Բոլոր նվիրատվությունները մշակվում են անվտանգ եղանակով և ուղղվում են տվյալ արշավում ներկայացված կարիքների աջակցությանը։
Աջակցենք Դավիթին՝ Հաղթահարելու Կորստի Ցավը և Հոգ Տանելու Իր Ընտանիքի Մասին
Կարո՞ղ է կյանքը փոխվել ընդամենը մեկ ակնթարթում. Կարապետյանների ընտանիքում հենց այդպես էլ եղավ։
2024 թվականին ընտանիքը հանկարծակի կորցրեց հորը՝ սրտի կաթվածի հետևանքով։ Նա ընտանիքի միակ կերակրողն էր, և նրա մահից հետո կինը և երեք որդիները մնացին ոչ միայն անսահման կորստի ցավի, այլև ֆինանսական լուրջ դժվարությունների առջև։
Եվ ընդամենը 18-ամյա Դավիթի ուսերին մի ակնթարթում դրվեց ամբողջ ընտանիքի պատասխանատվությունը։ Նա այլ ընտրություն չուներ։ Այն տարիքում, երբ երիտասարդների մեծ մասը մտածում է ուսումը շարունակելու, մասնագիտություն ընտրելու կամ ընկերների հետ ժամանակ անցկացնելու մասին, Դավիթի մտքում միայն մեկ հարց էր՝ ինչպե՞ս ապահովել ընտանիքի վաղվա օրը։
«Հորս մահից հետո ամեն ինչ փոխվեց մեկ գիշերվա ընթացքում»,- ասում է Դավիթը։ «Ես այլևս պարզապես ընտանիքի ավագ որդին չէի։ Ես դարձա այն մարդը, ում վրա բոլորը հույս էին դնում»։
«Մինչ այդ շատ երազանքներ ունեի»,-պատմում է նա։ «Բայց հիմա իմ առաջնահերթությունները բոլորովին այլ են։ Գուցե մի օր նորից ժամանակ ունենամ երազելու»։
Դավիթի մայրը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում մշտական աշխատանք ունենալ։ Դեռ դպրոցում սովորելիս, Դավիթը սկսեց աշխատել՝ ընտանիքին աջակցելու համար։ Առավոտյան նա դպրոցում էր, երեկոյան՝ աշխատանքի։ Նա իր ուսերին կրում էր մի պատասխանատվություն, որը ոչ մի երիտասարդ այդ տարիքում չպետք է կրի։
«Գիտեի, որ չեմ կարող հանձնվել»,- ասում է նա։ «Փոքր եղբայրներս իմ կարիքն ունեին, իսկ մայրիկս՝ իմ աջակցության»։
Չնայած բոլոր դժվարություններին՝ Դավիթը չկորցրեց հավատը։ Նա ավարտեց դպրոցը, այնուհետև վեբ ծրագրավորման դասընթացները՝ հավատալով, որ այդ մասնագիտությունը կարող է իր ընտանիքի համար դառնալ նոր սկիզբ։
«Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի եղբայրներս երբեք սոված չմնան և կարողանամ շարունակել օգնել մայրիկիս վերականգնվել»,-ասում է նա։ «Ինձ պարզապես հնարավորություն է պետք՝ սկսելու»։
Այսօր այդ հնարավորությունը շատ իրական է, սակայն մեկ կարևոր բան դեռևս պակասում է՝ համակարգիչը։ Առանց դրա Դավիթը չի կարող սկսել աշխատել իր մասնագիտությամբ և ստանալ կայուն եկամուտ։
470,000 դրամը կարող է Դավիթին ապահովել այն համակարգչով և անհրաժեշտ տեխնիկայով, որոնք նրան հնարավորություն կտան սկսել իր մասնագիտական ուղին, աշխատել և կրկին ֆինանսական կայունություն բերել ընտանիքին։
Ամեն օր, երբ Դավիթը դեռ չունի այդ հնարավորությունը, նրա ընտանիքը կորցնում է այն եկամուտը, որն այսօր կենսական նշանակություն ունի, չկա այն հնարավորությունը, որը կարող է օգնել հաղթահարելու այս դժվար շրջանը։
Ձեր աջակցությունը կարող է դառնալ այն շրջադարձային պահը, որը կփոխի ոչ միայն Դավիթի, այլև Կարապետյանների ընտանիքի ապագան։
Դավիթին աջակցելու համար խնդրում ենք սեղմել ստորև գտնվող «Նվիրաբերել Հիմա» կոճակը։ Յուրաքանչյուր ներդրում՝ մեծ թե փոքր, մեզ մեկ քայլ ավելի է մոտեցնում այս կարևոր կարիքի լուծմանը։
Կարիքն ամբողջությամբ հոգալուց հետո մենք ձեզ կուղարկենք հաշվետվություն՝ ներկայացնելով, թե ինչ փոփոխություն է բերել ձեր աջակցությունը ընտանիքի կյանքում։
Շնորհակալություն ձեր բարության և հոգատարության համար։
