Գյուղից դուրս երիտասարդությունը - Աջակցություն դեպի անկախություն
02.04.2026

Գյուղից դուրս երիտասարդությունը - Աջակցություն դեպի անկախություն

Յուրաքանչյուր երիտասարդ երազում է անկախության մասին։ Նրանք ցանկանում են սովորել, աշխատանք գտնել, հարաբերություններ կառուցել և ձևավորել իրենց ապագան։ Շատերի համար այս անցումը տեղի է ունենում աստիճանաբար՝ ընտանիքի և համայնքի աջակցությամբ։ Սակայն կան երիտասարդներ, որոնք մեծանում են առանց այդ ապահով «բնի»։ Նրանց համար խնամքից դուրս գալու պահը դառնում է վճռորոշ շրջադարձային փուլ։

«ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲՀ-ն կենտրոնացած է այն բանի վրա, որպեսզի մեր երիտասարդության անցումը ինստիտուցիոնալ խնամքից դեպի կայուն և անկախ կյանք լինի հնարավորինս հարթ։ Այս անցումը պարզապես այն վայրից հեռանալը չէ, որտեղ նրանք ապրել են, այն նաև անհրաժեշտ հմտություններով, վստահությամբ և հնարավորություններով ապահովվելն է, որպեսզի նրանք կարողանան լիարժեք մասնակցել հասարակական կյանքին և դառնալ ինքնուրույն, լիարժեք մեծահասակներ՝ նպաստելով մեր երկրի և մարդկության զարգացմանը։

 

Մենք լիովին գիտակցում ենք, որ «ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲՀ-ից հեռանալը այլընտրանքային խնամքում մեծացած երեխաների կյանքի ամենազգայուն փուլերից մեկն է։ Այդ պահից նրանք ստիպված են բախվել պատասխանատվությունների, որոնց շատերը սովորում են աստիճանաբար՝ ընտանիքում մեծանալով։

 

Երիտասարդությանը անհրաժեշտ է դառնում ինքնուրույն կառավարել բնակարանը, զբաղվածությունը, ֆինանսները և սոցիալական հարաբերությունները։ Առանց պատշաճ ուղեկցության այս պարտականությունները կարող են դառնալ չափազանց ծանր։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս անցումային շրջանում կառուցվածքային աջակցության պակասը հաճախ բերում է բազմաթիվ դժվարությունների։

 

«ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲՀ-ից դուրս եկող երիտասարդությանը անհրաժեշտ է ոչ միայն ֆինանսական աջակցություն։ Նրանց անհրաժեշտ է համակարգված աջակցություն, որը կօգնի զարգացնել գործնական կենսական հմտություններ և կայացնել պատասխանատու որոշումներ։ Մենթորության, խորհրդատվության և գործնական ուսուցման միջոցով երիտասարդությունը սովորում է հաղթահարել առօրյա պարտականությունները։

 

Մեր առաքելությունը միայն լավ կյանք և այլընտրանքային խնամք ապահովելը չէ։ Մենք նաև նպատակաուղղված սովորեցնում և պատրաստում ենք նրանց ինքնուրույն կյանքին՝ ֆինանսների պլանավորում, կենսապայմանների կազմակերպում և մասնագիտական կապերի ստեղծում։ Այս փորձը աստիճանաբար օգնում է անցնել կախվածությունից դեպի անկախ և լիարժեք մեծահասակ կյանք։

 

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անկախություն ձեռք բերած երիտասարդ դառնում է հասարակության ակտիվ մասնակից, այլ ոչ թե մնում դրա սահմաններում պայքարող։

 

Շատ երիտասարդներ, որոնք մեծացել են «ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲՀ-ում, արդեն հաջողությամբ կառուցել են անկախ կյանք՝ շարունակական աջակցության շնորհիվ։ Նրանցից ոմանք դարձել են ուսուցիչներ, սոցիալական աշխատողներ, ինժեներներ կամ ձեռներեցներ։ Մյուսները իրենց ներդրումն են ունենում համայնքներում՝ ստեղծագործական կամ տեխնիկական մասնագիտությունների միջոցով։ Նրանց պատմությունները ցույց են տալիս, որ ճիշտ ժամանակին ցուցաբերված ճիշտ աջակցությունը կարող է դժվար սկիզբը վերածել ամուր ապագայի։ Այս օրինակները նաև ապացուցում են, որ երիտասարդության մեջ ներդրումները երկարաժամկետ օգուտ են բերում հասարակությանը։

 

Երիտասարդությանն աջակցելը դեպի անկախություն տանող ճանապարհին համատեղ պատասխանատվություն է։ Ձեր շարունակական նվիրատվություններն ու աջակցությունը հնարավորություն են տալիս ապահովել կրթություն, մենթորություն, բնակարանային և հոգեբանական աջակցություն մեր երեխաներին, որպեսզի նրանք դառնան վստահ երիտասարդ մեծահասակներ, պատրաստ սկսելու իրենց անկախ կյանքը և չվախենան ապագայից։

 

Դուք նույնպես կարող եք միանալ մեր առաքելությանը՝ նվիրաբերելով ձեր ժամանակը, միջոցները և փորձը։ Սա ձեր հրավերն է դառնալու մեր մեծ և սիրով լի ընտանիքի՝ #SOSfamILY-ի անդամ։