Կանխարգելում
Հայաստանում ընտանիքի ամրապնդման առաջին ծրագիրը (այսուհետ ԸԱ) նախաձեռնվել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից 2006 թվականին: Այն իրականացվել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ներկայում ԸԱ ծրագրեր են իրականացվում Երևան քաղաքում, Տավուշի, Կոտայքի և Շիրակի մարզերում։ Ծրագրի թիրախային խումբն է մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները, որոնք հայտնվել են կամ գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում՝ տարբեր ռիսկային գործոնների պատճառով, որոնք կարող են հանգեցնել մանկալքության: Կազմակերպության կողմից իրականացվող Ընտանիքի ամրապնդման ծրագրերը յուրաքանչյուր տարի ծառայություններ են մատուցում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 3000 երեխայի և ընտանիքի:
Ընտանիքների ամրապնդման ծրագրերում, աշխատում ենք ընտանիքների (ընտանիքների անմիջական հզորացում) և համայնքների, տեղական ինքնակառավարման մարմինների և ազգային մակարդակում ՀՀ կառավարության հետ՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և թույլ չտալու երեխաներին և երիտասարդներին կորցնել ծնողական խնամքը (համայնքի հզորացում ընտանիքի հզորացման համար):
Ընտանիքների հետ անմիջական աշխատանքի ընթացքում առաջարկում ենք տարբեր տիպի ծառայություններ, ինչպիսիք են.
- Ծնողավարման դասընթացներ,
- Հոգեբանական խորհրդատվություն և թերապիա,
- Աջակցություն սոցիալական և առողջապահական ծառայություններից օգտվելու հարցում,
- Ձեռներեցության և մասնագիտական ուսուցում ծնողների համար՝ ուղղված ընտանիքների տնտեսական կայունացմանը և կայուն եկամտի ապահովմանը,
- Կրթության հասանելիության ապահովում, ներառյալ դպրոցական վճարների, համազգեստի, ուսումնական նյութերի, կրկնուսուցման և դպրոցից հետո օգնության տրամադրում,
- Նյութական աջակցություն (սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ և այլն)։
Աշխատում ենք նաև համայնքների հետ՝ ուժեղացնելու գոյություն ունեցող սոցիալական ցանցերն ու կառույցները՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների կարիքներին համապատասխան արձագանքելու նպատակով: