9-ամյա Աիդան դանդաղ քայլում էր հոր կողքով. Նա անչափ ուրախ էր և միևնույն ժամանակ շփոթված:
14.11.2023

9-ամյա Աիդան դանդաղ քայլում էր հոր կողքով. Նա անչափ ուրախ էր և միևնույն ժամանակ շփոթված:



Նրա առաջին օրն էր դպրոցում: Տիգրանը Աիդայի դպրոցական պայուսակը տվեց ուսուցչուհուն, համբուրեց աղջկան ու շտապեց աշխատանքի։

«Հիշում եմ մեր առաջին հանդիպումը Տիգրանի և նրա ընտանիքի հետ,- պատմում է ՍՕՍ սոցիալական աշխատող Արմինեն,- անցյալ տարի գնացի իրենց տուն, հանդիպեցի Տիգրանի կնոջն ու նրանց 2 փոքրիկներին։ Մեր զրույցի ընթացքում իմացա նաև, որ Տիգրանի երկու ավագ որդիները ծառայում են բանակում։ Տիգրանը կորցրել է աշխատանքը. Նա զոդող է։ Սակայն ֆինանսական ծանր վիճակի պատճառով չի կարողացել ձեռք բերել համապատասխան գործիքներ աշխատելու համար։ Մյուս կողմից, ընտանիքն իր խնայողությունները ծախսել է դստեր՝ Աիդայի դեղերի վրա»։ Նրանք իսկապես հուսահատված էին և օգնության կարիք ունեին։

Մեր թիմն ամեն ինչ արեց, որպեսզի ընտանիքը ոտքի կանգնի: «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանն» անհրաժեշտ միջոցներ է տրամադրել Աիդայի 2 վիրահատությունների համար, որն իրեն անհրաժեշտ էր ծնված օրվանից: Դրանից հետո երեխան ստացել է բժշկական և հոգեբանական աջակցություն՝ լիովին ապաքինվելու համար։ Թեև նա դեռ պետք է զգույշ լինի և չկրի նույնիսկ իր դպրոցական պայուսակը կամ արագ քայլի, բայց այժմ իրեն շատ ավելի լավ է զգում։

«Տիգրանի հետ մենք կազմել ենք այն գործիքների ցանկը, որոնք նրան անհրաժեշտ են աշխատելու համար։ Եվ երբ մի օր գործիքների տոպրակով մտա նրանց տուն, նրա աչքերը լցվեցին,- շարունակում է Արմինեն։ «Ես չեմ կարող հավատալ, որ այժմ կարող եմ աշխատել և վաստակել իմ ընտանիքի համար։ Աիդայի դեղերը կարող եմ գնել, երեխաներիս շորերը,- նորից ու նորից կրկնում էր Տիգրանը։

Հիմա, երբ Աիդայի առողջական վիճակն ավելի կայուն է, իսկ Տիգրանն աշխատանք ունի, ամեն ինչ լավանում է…

Օգնեք մեզ հասնել ավելի շատ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Կատարե՛ք ամսական նվիրատվություն