Այլընտրանքային խնամք
Երբ ընտանիքում ապրելը չի բխում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի կամ երիտասարդի լավագույն շահից, վերոհիշյալ նպատակին հասնելու համար հիմնադրամի կողմից նրանց տրամադրվում է որակյալ խնամք և աջակցություն՝ նրանց անհատական կարիքներին համապատասխան , մասնավորապես՝
- ընտանեկան տիպի խնամք,
- խնամատար խնամք,
- ուղեկցող անկախ բնակության ծառայություն։
Այլընտրանքային խնամքի բոլոր նշված տարբերակներում հիմնադրամն առաջնորդվում է ՄԱԿ-ի Երեխաների այլընտրանքային խնամքի մասին ուղեցույցի պահանջներով:
Կազմակերպության կողմից տրամադրվող ծառայություններում երիտասարդները կարող են խնամք ստանալ այլընտրանքային խնամքի վերոհիշյալ բոլոր տեսակներում (ընտանեկան տիպի խնամք, խնամատար ընտանիքի խնամք և ուղեկցող անկախ բնակություն): Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում միակ կազմակերպությունն է, որը խնամք է տրամադրում 18-23 տարեկան երիտասարդների:։ Երիտասարդների զարգացմանն նպատակով տրամադրվող ծառայություններն ուղղված են երիտասարդների անկախ, ինքնուրույն կյանքին նախապատրաստմանը, մասնագիտական ուղղորդմանը և հետագայում աշխատանքի տեղավորումը:
Ընտանեկան տիպի խնամք
Կազմակերպության կողմից տրամադրվող ընտանեկան տիպի խնամքի ծառայությունն իրականացումն սկսել է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Առանձնահատուկ մեթոդաբանության շնորհիվ շուրջ 33 տարի է, ինչ հիմնադրամն ապահովում է անվտանգ, կայուն և աջակցող ընտանեկան միջավայր, որտեղ խնամք իրականացնողները, որոնք կոչվում են ՍՕՍ ծնողներ, առաջարկում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաներին և երիտասարդներին հուսալի ու վստահելի հարաբերություններ կառուցելու հնարավորություն Կոտայքի և Տավուշի մարզերում: Նրանք ստանձնում են ծնողի դեր՝ հոգալով երեխաների ու երիտասարդների մասին, , ընտանեկան տիպի միջավայրում և ստանում են մասնագիտական աջակցություն:
Կազմակերպության կողմից տրամադրվում է շուրջօրյա երկարաժամկետ և կարճաժամկետ (ճգնաժամային՝ մինչև 6 ամիս ժամկետով) խնամք։
Խնամատար խնամք
Հայաստանի Հանրապետությունում երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպվում է ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 13-ին հաստատված «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 751-Ն որոշման համաձայն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի երկարատև համագործակցության արդյունքում, ինչպես նաև գործադրված շահերի պաշտպանության ջանքերի շնորհիվ՝ 2023 թվականի հունվարի 11-ին ԱՍՀՆ նախարարության և հիմնադրամի միջև կնքվեց Փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է համատեղ ջանքերի և ռեսուրսների ներդրմամբ նպաստել Հայաստանի Հանրապետությունում խնամատարության ինստիտուտի կայացմանը, ընդլայնմանը և զարգացմանը՝ այդ թվում արդեն իսկ գործող խնամատար ընտանիքներին կարիքահեն աջակցության տրամադրման միջոցով։
Վերոհիշյալ Հուշագրի շրջանակներում, համապատասխան վերապատրաստումներ անցած և խնամատար ծնողի որակավորում ստացած հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղի և «Իջևան» մասնաճյուղի 4 ինտեգրված ՍՕՍ մայրերի հետ կնքվել են խնամատարության պայմանագրեր։ Նշված հուշագրով հիմնադրամի կողմից ծառայություններ են տրամադրվում նաև Կոտայքի և Տավուշի մարզերում խնամատար խնամք իրականացնող այլ ծնողներին և խնամատար խնամք ստացող երեխաներին/երիտասարդներին։
Ուղեկցող անկախ բնակություն
Համաձայն ՄԱԿ-ի Երեխաների այլընտրանքային խնամքի մասին ուղեցույցի` ուղեկցող անկախ բնակության պայմանները «նախատեսված են երիտասարդների համար, ովքեր անցում են կատարում ֆորմալ խնամքի տեսակից դեպի համայնքում անկախ կյանքի»: Ընդհանուր առմամբ, այս ծառայությունն առաջարկում է ոչ այդքան ինտենսիվ խնամք 18-23 տարեկան երիտասարդների համար՝ համեմատած վերը նկարագրված ծառայությունների հետ և կարող են համարվել որպես ՍՕՍ Մանկական Գյուղերի կողմից տրամադրվող այլընտրանքային խնամքի «վերջին փուլ»: Աջակցությունը և պայմանները կարող են տարբեր լինել՝ կախված երիտասարդի կարիքներից և հանգամանքներից, և աստիճանաբար նվազում են՝ երիտասարդի հասունության և ինքնուրույնության աճի հետ մեկտեղ։