Մարդասիրական ծրագրեր
2013թ.-ին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը նախաձեռնեց Ճգնաժամային օգնության ծրագիր Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների համար։ Ծրագրի շրջանակներում մեր հայրենակիցներին տրամադրվեցին մի շարք ծառայություններ՝ ուղղված իրենց առաջնային կարիքների բավարարմանը, ինչպես նաև պատերազմի սոցիալ-հոգեբանական հետևանքների հաղթահարմանը:
Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համաճարակի բռնկումը կտրուկ վատթարացրել է բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը։ Շատերը կորցրեցին իրենց աշխատանքը, բախվելով բազմաթիվ խնդիրների՝ առողջապահության, կրթության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտում։ Արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին համաճարակի հետևանքները հաղթահարելու նպատակով, հիմնադրամը իրականացրեց COVID-19-ի արձագանքման ծրագրեր Երևան քաղաքում, Կոտայքի և Տավուշի մարզերում։ Մոտ 400 ընտանիք մեկ տարվա ընթացքում ստացավ սնունդ, կանխարգելիչ միջոցներ, հեռավար ուսուցման սարքավորումներ, տակդիրներ և հիգիենայի պարագաներ, ինչպես նաև գյուղատնտեսական գործիքներ և սերմեր (ք․ Իջևանում):